Հանդիպում աստվածաբան Ավետիք Ղազարյանի հետ. Լուսաբանում


Ապրիլի 19-ին տեղի ունեցավ «Պատուհան դեպի գիտություն» նախագծի շրջանակում նախաձեռնած հանդիպումը աստվածաբանի հետ։ Հանդիպման հյուրերն էին՝ աստվածաբան, ԵՊՀ դասախոս Ավետիք Ղազարյանը և ԵՊՀ աստվածագիտության ֆակուլտետի ուսանողները։

Ինձ համար բավականին հետաքրքիր հանդիպում էր, քանի որ առաջին անգամ էի տեսնում և լսում աստվածաբանի։ Ես կարծում էի, որ այդ մասնագիտությունը շատ քչերին է հետաքրքիր։ Կարելի է ասել, որ սխալ պատկերացում ունեի այդ մասնագիտության մասին, բայց պարոն Ղազարյանը կոտրեց բոլոր կարծրատիպերը։

Ուսանողները ներկայացրին իրենց ֆակուլտետի Ուսանողական Խորհուրդը և ընդհանուր դասապրոցեսը։ Մեզ համար նորություն էր, որ աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատը նոր ծրագոր ունի՝ կրոնական զբոսաշրջություն։ Այդ ծրագրի մասին էլ խոսեցին ուսանողուհիները, ովքեր հենց այդ բաժնի 2-րդ կուրսում են սովորում։

Երբ ուսանողները ներկայացնում էին իրենց Ուսանողական Գիտահետազոտական Կենտրոնի կազմակերպած սեմինարները և համագործակցային նախագծերը, մենք էլ խոսեցինք մեր հետազոտական աշխատանքների պաշտպանության մասին և իրենց կողմից ստացանք համագործակցային առաջարկ։

Մեզ մոտ էլ առաջացավ հետաքրքիր գաղափար՝ անցկացնել ևս մեկ հանդիպում քոլեջում, հետագայում էլ քոլեջի զբոսաշրջության բաժնի սովորողների հետ այցելություն ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետ։

Մենք իմացանք նաև այն մասին, որ աստվածաբանության ֆակուլտետն ավարտելուց հետո կարող ես թանգարաններում աշխատել, և ինչու չէ նաև պետական կառույցներում։ Շատերի մոտ սխալ կարծիք կար այն մասին, որ այս ֆակուլտետն ավարտելուց հետո մարդիկ դառնում են հոգևորական, բայց հիմա բոլորս մանրամասնորեն տեղեկացվեցինք այս մասնագիտության հեռանկարների մասին։

Կրթահամալիրը ևս մի հետաքրքիր ծանոթություն ունեցավ, որն էլ հետագայում կդառնա փորձի փոխանակում։ Ինձ համար նաև շատ հետաքրքիր էր այն փաստը, որ պարոն Ղազարյանը ավարտել է հենց մեր կրթահամալիրը, ինչը ողջունելի է։

Оставьте комментарий